Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որ ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստանում, կարծում է, որ այցը յուրահատուկ քայլ է` արտահայտելու հիացմունքը և նվիրվածությունը հայ ժողովրդի և եկեղեցու հանդեպ:
«Լa stampa»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Կարծում եմ` այս այցելությունը նախ և առաջ հիացմունքի ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատև պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, երկրի հանդեպ նվիրվածության արտահայտման քայլ է, այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա: Հռոմի պապն իր երախտագիտությունը և հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որ ձևավորվել է քրիստոնեական ոգով և կարողացել է պահպանել հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաև շատ կարևոր է սփյուռքի հայերի համար»,- ասել է կարդինալը:
Նրա խոսքով` հայերը հիացնում են պատմության ամեն իրադարձություն քրիստոնեական ոգով հաղթահարելու հատկությամբ: «Ազատության, թե տառապանքի պահին նրանք կարողանում են այդ ոգով առաջ գնալ: Այդ հավատը Հայաստանի ուժն է, որը թույլ տվեց այդ քրիստոնյա համայնքին հաղթահարել 20-րդ դարի սարսափելի դժբախտությունները` ուղղված 1,5 միլիոն քրիստոնյա հայերին: Այս ցավալի իրադարձությունների հետքը անջնջելի է»,- նշել է Լեոնարդո Սանդրին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա պապի այցելության ազդեցության մասին հարցին ի պատասխան` կարդինալը նշել է, որ հավատում է` այցը նաև հնարավորություն կտա` կոչ անելու և խրախուսելու մարդկության հիմնարար արժեքների ամրապնդումը:
«Մերժել բռնությունը, ահռելի ցավ պատճառող զենքի օգտագործումը և համառորեն պայքարել խաղաղության հաստատման համար դիվանագիտության, երկխոսության, հանդիպումների և բանակցությունների միջոցով. ես հավատում եմ, որ այս այցի ընթացքում խաղաղության հաստատման, ինչպես նաև Կովկասն Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ դարձնելու կոչ կարվի»,- ընդգծել է Լեոնարդո Սանդրին: Հռոմի կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների փոխհարաբերութությունները նա որակել է շատ բարեկամական:
«Կարծում եմ` Հռոմի պապի այցելությունն է՜լ ավելի կամրապնդի երկու եկեղեցիների կապերը` հիմնվելով եղբայրության, ընկերության և փոխադարձ աջակցության վրա, ինչն էլ կհանգեցնի տարբեր ոլորտներում նրանց համագործակցությանը: Ենթադրում եմ, որ այցի ընթացքում կպատրաստվի «Ընդհանուր հռչակագիր», որը կընդգծի ցանկությունը և կամքը` կառուցելու ավելի եղբայրական կապեր»,- եզրափակել է կարդինալ Լեոնարդո Սանդրին: